Դելտա (հունական այբուբենի դելտա՝ Δ մեծատառից), գետաբերանի հատուկ ձև։ Գետի ստորին հոսանքում գետային ջրաբերուկներով ստեղծված ցածրավայր՝ մասնատված բազուկների և վտակների՝ մեծ կամ փոքր ճյուղավորված ցանցով։ Առաջանում է գետի հոսքի, ծովի ալեբախության, մակընթացության և տարաքաշող բերող հոսանքների փոխազդեցությամբ։ Ժամանակի ընթացքում դելտան մեծացնում է իր չափերը՝ առաջանալով դեպի ծով։ Դելտայի ընդարձակման արագությունը տատանվում է տարեկան մի քանի մետրից մինչև հարյուրավոր մետրի։ Ջրաբերուկների կուտակման բնույթով դելտաները լինում են՝ շրջափակված (Կամչատկա), դուրս քաշած (Լենա), թիակաձև (Միսսիսիպի), կտցանման (Տիբեր), բազմակղզային (Վոլգա), բարդ և այլ տիպերի։ Խոշոր գետերի դելտաները երբեմն հասնում են մեծ չափերի (Ամազոնի դելտաները 100 հզ կմ² է, Վոլգայինը՝ 19 հզ կմ²)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 328)։